Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Վերլուծություն Վրաստանից. ինչպե՞ս կազդի Ուկրաինայում ընթացքող պատերազմը Վրաստանի տնտեսության վրա

Վրաստանի տնտեսական գրագիտության նախաձեռնություն
01.01.70

Տնտեսական կանխատեսումները կատարվում են տարբեր մաթեմատիկական և վիճակագրական մոդելների կիրառմամբ, սակայն չկան տնտեսական մոդելներ այնպիսի իրավիճակի համար, ինչպիսին Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, քանի որ համապատասխան նախադեպեր չեն եղել: Տնտեսագետներին անհրաժեշտ է անցյալի փորձ՝ իրենց մոդելներն իրականությանը համապատասխանեցնելու համար: Ուրեմն այսպես, այս շարունակվող ճգնաժամի համատեքստում տնտեսագետներն եզրակացություններ են կազմում պարզ տնտեսական տրամաբանության հիման վրա, ինչպես նաև՝ առկա միտումները վերանայելով։ Դուք նույնպես կարող եք նմանատիպ եզրակացություններ անել՝ օգտագործելով հանրությանը հասանելի տվյալները և տնտեսական տրամաբանությունը:

Եկեք վերլուծենք, թե ինչ կարող է սպասվել Վրաստանին ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Սա պահանջում է հասկանալ, թե ինչ կարող է պատահել մեր արտաքին տնտեսական հարաբերությունների հետ:

Ինչպե՞ս կարող է ազդել պատերազմն արտաքին առևտրի վրա

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը Վրաստանի հետ հիմնական առևտրային գործընկերներն են, ինչպես և Եվրամիությունն ու Թուրքիան, որոնց վրա պատերազմը նույնպես կազդի: Նախ դիտարկենք այն երկրները, որտեղից Վրաստանն ապրանքներ է ներմուծում։ 2021 թվականին Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ ԱՄՆ դոլար: Վրաստանի ներմուծման հիմնական գործընկերներն էին Եվրամիությունը և Թուրքիան, որոնք իրենց միջև կազմում էին 2021 թվականին Վրաստանի ներմուծման 42%-ը։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման համեմատաբար ավելի փոքր մասնաբաժինը` 10%-ը, ինչը էապես չի փոխվել վերջին 9 տարիների ընթացքում։ Ուկրաինայից ապրանքների ներմուծումը կազմում է ընդհանուր ներմուծման 4,7%-ը։ Այսպիսով, կարելի է ասել, որ Վրաստանին անհրաժեշտ կլինի մասամբ փոխարինել իր ներմուծման մոտավորապես 14-17%-ը։ Ռուսաստանից ներմուծումը նույնպես կբարդանա Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների և դրանցից բխող տնտեսական ճգնաժամի հետևանքով, որը Վրաստանում արդեն իսկ սկսվել է: Հատկապես ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից չափազանց կբարդացնի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, մինչդեռ «ներխուժումը» կազդի Ուկրաինայի ապրանքների արտահանման վրա և կբարդացնի առկա մատակարարման շղթաները:

Գծապատկեր 1. Տարբեր երկրներից Վրաստան ներմուծման տեսակարար կշիռը (2013-2021 թթ.)

Արտահանումը չափազանց կարևոր է Վրաստանի արտադրական հատվածի և ընդհանուր զբաղվածության համար: 2021 թվականին արտահանումը կազմել է մոտավորապես 4,2 մլրդ ԱՄՆ դոլար, որից 7%-ը Ուկրաինայից, իսկ 14%-ը՝ Ռուսաստանից։ Վերջին տարիներին Վրաստանի արտահանումը ԵՄ երկրներ կազմել է ընդհանուր արտահանման մոտավորապես մեկ հինգերորդ մասը: Ինչպես ներմուծումը, այնպես էլ Վրաստանից Ուկրաինա արտահանումը կբարդանա՝ հաշվի առնելով պատերազմի ազդեցությունը մատակարարման շղթայի լոգիստիկայի վրա, իսկ Ռուսաստան արտահանումը շատ ավելի բարդ կլինի, քանի որ բանկային գործարքները զգալիորեն կբարդանան SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումից հետո։

Գծապատկեր 2. Վրաստանից տարբեր երկրներ արտահանման տեսակարար կշիռը (2013-2021 թթ.)

Ակնհայտ է, որ Վրաստանում կկրճատվեն ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հոսքերը։ Վրացի ձեռնարկատերերը պետք է մտածեն իրենց առևտրային գործընկերներին փոխարինելու ուղիներ գտնելու մասին՝ ինչպես ներմուծվող ապրանքների մատակարարման, այնպես էլ արտահանվող ապրանքների վաճառքի համար։ Նկատենք, որ ներմուծումը զգալիորեն գերազանցում է Վրաստանից արտահանմանը, այսինքն՝ Վրաստանն ավելի շատ գնում է օտար երկրներից, քան վաճառում է նրանց։

Եթե մենք ավելի շատ ենք գնում, քան վաճառում ենք, ինչպե՞ս են ծածկվելու ներմուծման ծախսերը

Վրաստանն ունի իր բացասական առևտրային հաշվեկշիռը վճարելու մի քանի աղբյուր։ Սա ներառում է մասնավոր օտարերկրյա ներդրումները, որոնք տարեկան կազմում են մոտավորապես 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, չնայած 2020 թվականին COVID-19 համաճարակի պատճառով, դրանք կազմել են ընդամենը 0,5 մլրդ ԱՄՆ դոլար (աղբյուր՝ Վրաստանի ազգային վիճակագրական վարչություն): Վրաստանում մասնավոր օտարերկրյա ներդրումների հիմնական աղբյուրը ԵՄ երկրներն են, որոնք կազմում են օտարերկրյա ներդրումների 60%-ը, իսկ Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է ընկնում ընդամենը 10%-ը։

Ներմուծման ֆինանսավորման ավելի կարևոր աղբյուրը արտերկրում աշխատող Վրաստանի քաղաքացիների կողմից Վրաստան` իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական փոխանցումներն են: 2021 թվականի դրությամբ տրանսֆերտները կազմել են 2,3 մlրդ ԱՄՆ դոլար (աղբյուր` Վրաստանի Ազգային բանկ): Ռուսաստանն ավանդաբար եղել է դեպի Վրաստան տրանսֆերտների հիմնական աղբյուրը, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այդ միտումը զգալիորեն փոխվել է։ Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների տեսակարար կշիռը կրճատվել է մինչև 18%, մինչդեռ զգալիորեն աճել է Եվրոպական միությունից տրանսֆերտների թիվը(տե՛ս ստորև ներկայացված գծապատկերը): Սահմանված պատժամիջոցները, հատկապես Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից, դժվարություններ են առաջացրել Ռուսաստանից եկող տրանսֆերտների համար. Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը կնվազի։

Գծապատկեր 3. դեպի Վրաստան եկող տրանսֆերտներն ըստ երկրների

Եզրափակելով՝ կարելի է հեշտությամբ ենթադրել հետևյալը. այս պատերազմը մղվում է արտաքին կարևոր տնտեսական գործընկերների միջև և զգալի տատանումներ կառաջացնի Վրաստանի տնտեսության մեջ։ Այնուամենայնիվ, դժվար է հաշվարկել աճողական հետևանքները: Ազդեցությունը հատկապես էական կլինի Ռուսաստանի հետ Վրաստանի տնտեսական հարաբերությունների վրա։ Վրացի ձեռներեցները ստիպված կլինեն այլընտրանքային կոմերցիոն հարաբերություններ փնտրել, մինչդեռ պետությունը ստիպված կլինի ֆինանսական տնտեսական աջակցություն խնդրել իր եվրոպացի գործընկերներից։